Իրադարձություններ

Դեսպան Մկրտչյանը մասնակցեց հայտնի հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակի հուշ-երեկոյին

09.02.2017

Փետրվարի 9-ին Լիտվայի գրողների միությունում տեղի ունեցավ լիտվացի գրող, բանաստեղծ, հայագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցում էին հայ և լիտվացի ականավոր մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Մարիտե Կոնտրիմայտեի կյանքին և գործունեությանը։

Ելույթ ունեցան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի գրողների միության նախագահ Անտանաս Յոնինասը, Լիտվայի լրագրողների ընկերության նախագահ Գրաժինա Պետրոշիենեն, անվանի գրող Վահագն Գրիգորյանը և այլք։

Իր ելույթում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նշանավոր հայագետի բացառիկ գործունեությանը` մասնավորապես նշելով. «Հաճախ մենք ասում ենք, թե որքան ժամանակ հիշում ենք անձին, այդքան էլ նա ողջ է համարվում։ Մարիտեի պարագայում, նա մշտապես ողջ կմնա հայերիս հոգում և սրտում՝ մեր ժամանակակից պատմության և մշակույթի մեջ անջնջելի հետք թողնելու համար։ Նա ողջ կհամարվի Լիտվայում, քանի որ բազմաթիվ արժեքավոր գրական աշխատություններ է ժառանգություն թողել։ Նա կշարունակի համարվել՝ որպես Հայաստան-Լիտվա ջերմ բարեկամության հրաշալի խորհրդանիշ։ Հայաստանի հետ իր կապը Մարիտեն հավերժացրել է՝ Արցախում ազատ և անկախ ապրելու հայերի իրավունքին աջակցելու միջոցով։ Նա աջակցել է հայերին՝ տեսնելով մի ժողովրդի բազմաթիվ ճնշումների ներքո մղած պայքարը՝ հանուն ազատության և անկախության»։

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև 1988թ. երկրաշարժից հետո տուժածներին մեծ օգնություն ցուցաբերելու հարցում Մարիտե Կոնտրիմայտեի ունեցած դերին։ Դեսպանը կարևորեց 2005թ. Լիտվայի Սեյմասի (խորհդարան) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նշանավոր հայագետի ունեցած դերակատարությունը։

Հուշ-երեկոն իրենց ելույթներով եզրափակեցին հայագետի ամուսինը՝ լիտվահայ ականավոր գործիչ Ռուսլան Հարությունյանը և դուստրը՝ Վեգա Հարությունյանը։

Տեղեկանք։ Մարիտե Կոնտրիմայտեն (1947-2016) եղել է Լիտվայի «Սայուդիս» շարժման անդամ, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Լիտվայից օգնության կազմակերպման նախաձեռնողներից, Լեռնային Ղարաբաղի շարժման, Լիտվայի և Հայաստանի անկախացման, Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամության խորացման եռանդուն պաշտպան։,
Նա լիտվերեն է թարգմանել հատվածներ Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Սերո Խանզադյանի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և այլոց ստեղծագործություններից։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր