Լուրեր

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լատվիայի կրթության և գիտության նախարար Իլգա Շուպլինսկայի հանդիպումը

27.09.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լատվիայի կրթության և գիտության նախարար Ինգա Շուպլինսկայի հանդիպումը

Ամբողջ ալբոմ »

Լատվիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի կրթության և գիտության նախարար Իլգա Շուպլինսկային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների կրթության և գիտության ոլորտը համակարգող գերատեսչությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտությունների ակադեմիաների միջև իրավապայմանագրային համագործակցություն հաստատելու, մասնագետների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները,  ընդգծվեց փոխադարձ հետաքրքրությունը և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ և կրթության ոլորտի բարձր մակարդակի միջոցառումները, դրանց կազմակերպչական աշխատանքները, քննարկվեց միջոցառումներին լատվիական պատվիրակության մասնացկությունը։

Ներկայացնելով ՀՀ դեսպանության մշակութային գործունեությունը Լատվիայում՝ դեսպան Մկրտչյանը նախ շեշտեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Լատվիայի ռադիո երգչախումբը կատարելու է Կոմիտասի պատարագի համերգային տարբերակը և նշեց, որ դա բացառիկ պրեմիերա է լինելու ոչ միայն Լատվիայի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով։

Դեսպանը նաև ասաց, որ այս տարի նախատեսվում է ևս մեկ միջոցառում՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի՝ լատիշերեն գրքի հրապարակումը՝ թարգմանված լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի կողմից՝ հավելելով, որ Հովհաննես Թումանյանի 150-ն ամյակն էլ է նշվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Կոմիտասի և Հ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումները ոչ միայն վերաբերում են մշակույթին, այլ նաև ունեն կրթական մեծ նշանակություն, քանի որ նպատակ ունեն լատվիացիներին էլ ավելի ծանոթացնելու հայկական գրական և երաժշտական ավանդույքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր