Լուրեր

Ավետ Տերտերյանի 90 և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

06.11.2019

Կից լուսանկարներ

Ավետ Տերտերյանի 90 և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

Ավետ Տերտերյանի 90 և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վիլնյուսի «Կիրառական արվեստի» թանգարանում կազմակերպել էր համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90 և լիտվացի կոմպոզիտոր Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակներին:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր, գործադիր մարմինների և պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Մկրչտյանը նշեց, որ այս համերգով բացվում է բալթյան մայրաքաղաքներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ իրականացվող հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին նիրված համերգների շարքը։ Դեսպանը նաև հավելեց, որ վիլնյուսյան համերգին ավելացվել է նաև լիտվական բաղադրիչը, և հայ և լիտվացի երաժիշտների համատեղ համերգը նվիրված է նաև լիտվացի կոմպոզիտոր Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի 85-ամյակին։

Ներկայացնելով Ավետ Տերտերյանի կենսագրությունը և վերջինիս երաժշտական գործունեությունը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Տերտերյանն իրավամբ համարվում է հայազգի լավագույն կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործելով ամենատարբեր` կամերային, սիմֆոնիկ, օպերային երաժշտության ժանրերում, և ստեղծելով 8 հիասքանչ սիմֆոնիաներ, իր անջնջելի հետքն է թողել հայ և համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Դեսպանը կարևորեց Տերտերյանի ավանգարդ երաժշտության կապը հայ հոգևոր ավանդույթներին։

Խոսելով երկու հոբելյարների՝ Ավետ Տերտերյանի և Ալգիմանտաս Ռաուդոնիկիսի նմանությունների մասին՝ դեսպանը նշեց, որ կոմպոզիտորները, ստեղծագործելով սովետական ժամանակաշրջանում, կապված են եղել իրենց ազգային երաժշտության ակունքներին և այն լավագույնս ներկայացրել են համաշխարհային երաժշտությանը հասանելի լեզվով։

Միջոցառման ընթացքում Ավետ Տերտերյանի, Կոմիտասի, Ալգիմանտաս Ռաուդոնիկի, Էդուրարդ Աբրահամյանի և այլ հայ ու լիտվացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո), Ստոպոնաս Զոնիսը (բարիտոն) և Նարինե Ստեփանյանը (դաշնամուր)։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր