• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դատապարտվածերի ապստամբությունը. Զրույց գրական թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի հետ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը (մաս առաջին)

27 ապրիլի, 2020

2019թ․ վերջին լատվիական «Յանիս Ռոզե» հրատարակչությունում լույս տեսավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կատարմամբ, նաև ընդգրկուն մեկնաբանություններով։ Ի հավելումն թարգմանչուհու առաջաբանի՝ գրքի համար հատուկ առաջաբան է գրել իսրայելցի պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Օրոնը, ներածական տեքստ է տրամադրել մուսալեռցի ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը (ԱՄՆ, Կալիֆորնիայի համալսարան, Նորթրիջ)։ Գրքում նաև տպագրվել են Եգիպտոսի Պորտ Սաիդում գտնվող, փրկված մուսալեռցիների բացառիկ ֆոտոնկարներ, որոնք տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Գրքի համար հատուկ երաշխավորագրեր են տրամադրել նաև աշխարհահռչակ ցեղասպանագետներ Իսրայել Չարնին (Իսրայել), Ֆրենկ Չոկը (Կանադա), Լատվիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիտիսը։

Հրատարակությունը և թարգմանությունը նախաձեռնել և իրականացրել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը, ծրագրի իրականացմանն աջակցել են Creative Europe ԵՄ հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ավստրիայի կառավարությունը, լատվիահայ գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը։

Ստորև ներկայացնում ենք հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ գրքի թարգմանչուհու՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի հարցազրույցը Լատվիայի հեռուստառադիոընկերությանը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի լատիշերեն թարգմանության վերաբերյալ։

 

 ***

Դատապարտվածերի ապստամբությունը. Զրույց գրական թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի հետ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը

Հեղինակ՝ Իլվա Սկուլտե (բանասիրության դոկտոր)


Ապրիլի 24-ն այն օրն է, երբ 105 տարի առաջ Կոստանդնուպոլսում նշանավոր հայ մտավորականների ձերբակալություններն ազդարարեցին 20-րդ դարի պատմության ծանրագույն դրվագներից մեկի սկիզբը: Ավելի ուշ հայ ժողովրդի ճակատագիրը կիսեցին մի շարք այլ ժողովուրդներ և ազգեր: Հետագա ողբերգական իրադարձությունները կարող են լինել այն պատճառներից մեկը, թե ինչու է Հայոց ցեղասպանությունը պակաս հայտնի, ինչու մենք դեռ կարող ենք այդ մասին շատ բաներ հայտնաբերել և սովորել, այդ թվում՝ գրականության շնորհիվ: Այս թեմայի վերաբերյալ տպավորիչ գրական գործերից մեկը Ֆրանց Վերֆելի՝ ինչ-որ առումով առեղծվածային  «Մուսա լեռան քառասուն օրը» վերնագրով վեպն է, որը վերջերս թարգմանվել է լատիշերեն և հրատարակվել «Յանիս Ռոզե» հրատարակչության կողմից:

Վեպը թարգմանվել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կողմից, ով առավել հայտնի է որպես ճապոնացի հեղինակներ Նացումե Սոսեկիի, Տանիզակի Յունիչիրոյի և Ակուտագավա Ռյունոկուսեյի գործերի թարգմանչուհի։ Նա  անգլերենից, ռուսերենից և գերմաներենից լատիշերեն է թարգմանել նաև գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրի գրքեր: Կարող ենք հավելել, որ Իլզեն Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի կինն է: Հետևաբար, չպետք է զարմանալ, թե նրա թարգմանություններից շատերն ինչու են հայկական թեմաներով ստեղծագործություններ: 

Իլվա Սկուլտե. Եկեք սկսենք մի շատ պարզ հարցից. Ի՞նչն էր այդքան հետաքրքիր և կարևոր Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որ դուք որոշեցիք լծվել նման հսկա նախագծի կյանքի կոչմանը:

Իլզե-Պաեգլե Մկրտչյան․ Դուք իրավացի եք․ ես իսկապես ցանկանում էի թարգմանել այս վեպը և հիմա ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալության հայտնել «Յանիս Ռոզե» հրատարակչության խմբագիրներին, ովքեր բավականին լավ ըմբռնեցին այս նախագծի ծավալները և պատրաստակամություն ցուցաբերեցին լուծել նախագծի իրականացման ընթացքում առաջացած խդիրները։ Ինչ վերաբերում է ինձ, ես կարող եմ ասել միայն, որ ավելի քան 15 տարի իմ կյանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ, և այդ իսկ պատճառով ես փորձում եմ անել իմ ուժերի առավելագույնը` խորացնելու լատվիացիների և հայերի միջև փոխըմբռնումն ու հարգանքը:

Կարծում եմ, ի վերջո դա նաև իմ երախտիքի տուրք մատուցելու ցանկություն էր․ Լատվիային՝ որտեղ և ծնվել և մեծացել եմ, և Հայաստանին՝ որն այժմ իմ տունն է։

Միևնույն ժամանակ, կար առնվազն ևս մեկ կարևոր, վճռորոշ գործոն։ Ես դա անվանում եմ «իմ միսիոներական հակումները», իմ հավիտենական ձգտումը ներկայացնել ուրիշներին այն, ինչը ես համարում եմ հետաքրքիր և կարևոր: Մի շարք պատճառներով պայմանավորված՝ իմ ընտրած ոլորտը գրական թարգմանությունն է, հետևաբար, այն ոլորտ է, որտեղ, հուսով եմ, կկարողանամ որոշակի փոփոխություններ կատարել: Օրինակ, ես կարող եմ իմ հայ գործընկերներին խորհուրդ տալ ուշադրություն դարձնել լատվիական գրականության այս կամ այն գործին, որն, իմ կարծիքով, պետք է թարգմանվի հայերեն: Եվ, իհարկե, ես ինքս նույնպես կարող եմ ինչ-որ բան անել, օրինակ լատվիացի իմ ընթերցողներին ծանոթացնել Հայաստանի և հայության մասին այս կամ այն կարևոր գրական գործին: Ես հայերենից չեմ թարգմանում, այդ իսկ պատճառով ես միշտ փնտրել եմ հայ գրողների, ովքեր գրում են այլ լեզուներով: Նման հեղինակներ շատ կան․ Նարինե Աբգարյանը և Քրիս Բոհջալյանը վառ օրինակներից ընդամենը երկուսն են: Ինչ վերաբերում է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, ապա նրա «Մուսա լեռ»-ը միանշանակ դասական աշխատություն է, որը հաճախ և բավականին տեղին է անվանվել է նրա «հայկական էպոսը»: Ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ, որ ինձ այն թարգմանելու հնարավորություն ընձեռվեց:

Իլվա Սկուլտե. Այժմ շատ կոնկրետ մի հարց։ Վեպը սկսվում է լեռան գագաթի վրա խորհրդավոր մի դրվագով։ Գաբրիել Բագրատյանը՝ գլխավոր հերոսներից մեկը, տարիների բացակայությունից հետո վերադարձել է իր նախնյաց տունը և նայում է թվացյալ խաղաղ բնապատկերին։ Անցյալը, սակայն, մշտապես ներկա է և ահագնացնում է սարսափի մթնոլորտը։ Վախը կարելի է հաղթել, եթե կա ցանկություն, բայց դժվար թե կարելի է հույս ունենալ, թե այն ամբողջովին կհաղթահարեք։ Չկա տեղեկություն և հետևաբար չկա հստակ պատկերացում։ Եվրոպական մտքի լուսավորված բանականությունը հրամայում է մտածել պատճառի և հետևանքի տեսանկյունից, վստահել, որ իրադարձությունները կզարգանան կանխատեսելի և քաղաքակիրթ ձևով… Հեղինակը վարպետորեն նկարագրում է յուրաքանչյուր կերպարի հույզերը, հոգեբանական մեխանիզմները և հետագայում նաև մարդկային հարաբերությունների վերափոխումները: Մեր օրերում մենք կարող ենք ավելի լավ հասկանալ նման զգացողությունները, նույնիսկ եթե համատեքստը տարբերվում է: Ինչպե՞ս են մարդիկ ընկալում գալիք ճգնաժամը, որն, ի վերջո, կարող է ազդել դրանց վրա: Բնությունն արդյոք դեր  խաղո՞ւմ է նման ժամանակներում: Ինչպե՞ս կարող է շրջապատն ու տեղը ազդել մեր հույզերի վրա:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Կարծում եմ՝ ձեր հարցերն արդեն ներառում են որոշ պատասխաններ: Այո, հաճախ մենք փորձում ենք պայքարել վախի և այլ տհաճ հույզերի հետ՝ ընտրելով չմտածել այնպիսի բաների մասին, որոնք միանգամայն կարող են տեղի ունենալ: Մենք փորձում ենք անտեսել այն հնարավորությունը, որ մենք նույնպես կարող ենք տուժել այդ դանդաղ մոտեցող, բայց ահավոր սպառնալիքից: «Ես այդ մասին կմտածեմ վաղը: Վաղն այլ օր է », - այո, երբեմն մենք հակված ենք մտածել այս տողերի երկայնքով: Այդպիսին էր նաև իմ առաջին և հիմնականում անգիտակից արձագանքը գլոբալ համաճարակին և այն շատ իրական հնարավորությունը, որ աշխարհի մեր անկյունը ևս չի կարող խույս տալ դրանից: Հավանաբար, դա ինչ-որ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է… Եվ բնությունը… Այո, բնությունն օգնում է մեզ հանգստանալ, շրջապատել և գուցե հաղթահարել տվյալ իրավիճակը: Վերֆելի վեպում կարելի է գտնել մի քանի դրվագներ, որտեղ հեղինակը հիանալիորեն նկարագրում է, թե ինչպես են մարդու զգացմունքները փոխվում և վերափոխվում, երբ այդ մարդը դառնում է դեպի է բնությունը, նայում է նրանց վերևում գտնվող աստղային երկնքին, ինչպես մի ժամանակ դա անում էր Կանտը:

Իլվա Սկուլտե. Վեպը որոշակիորեն առեղծվածային վերնագիր ունի, համենայն դեպս, այն կարող է խորհրդավոր լինել լատվիացի ընթերցողների մեծամասնության համար, ովքեր գուցե չկարողանան հասկանալ, թե «Մուսա լեռ»-ը կոնկրետ ինչ է: Կարո՞ղ է այս տեղանունն առաջացնել որոշ աստվածաշնչյան նմանություններ, օրինակ` Մովսեսի լեռան հետ, քառասուն տարի անապատում և այլն: Կարո՞ղ եք ավելին պատմել լեռան պատմության և դրա խորհրդանշական նշանակության մասին:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Սկզբում ես կցանկանայի շեշտել, որ մենք բոլորս, ովքեր աշխատել են այս նախագծի վրա, գիտակցում էինք, որ գրքի վերնագիրը լատիշերենով խնդրահարույց է լինելու․ մի քանի տարբերակներ քննարկվեցին: Պե՞տք էր թարգմանել տեղանունը, որպեսզի այն դառնա «Մովսեսի լեռը»: Պե՞տք էր փոխել վեպի վերնագիրը, որպեսզի այն դառնա, ասենք, «Քառասուն օր Մուսա լեռան վրա»՝ այդպիսով օգնելով հնարավոր ընթերցողներին պատկերացնել, թե ինչի մասին կարող է լինել գիրքը: Ավելին, «Մուսա լեռ» տեղանունի ստուգաբանությունը պարզ չէ. այն կարող էր ի սկզբանե նշանակել «Մովսեսի լեռ», «Մուսաների լեռ» կամ գուցե այդպես է անվանվել է ի պատիվ տեղացի որևէ հերոս Մուսայի: Դժբախտաբար, այսօր ոչ ոք չի կարող բացարձակ համոզվածությամբ ասել, թե որ ստուգաբանությունն է ճիշտ: Վերֆելը, իհարկե, ուզում էր շեշտել աստվածաշնչյան կապը՝ Մովսես, աքսորի քառասուն տարի, քառասուն օր անապատում, կամ, ի վերջո, ինչ-որ մեկը կցանկանա մեկնաբանել այս վեպի վերնագրի ավելի խորը խորհրդանշական իմաստը: Այսպիսով, լատվիական հրատարակությունը ձեռք բերեց իր վերնագիրը, որը կարող է մի փոքր առեղծվածային կամ խորհրդավոր լինել և շատ մեկնաբանությունների հնարավորություն ընձեռել:

Իլվա Սկուլտե. Վերֆելի վեպի շատ այլ տեղանուններ հիշեցնում են ոչ վաղ անցյալի փոթորկալից ժամանակների և իրադարությունների մասին։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Թուրքիայի ներքին գավառներում Առաջին աշխարհամարտի տարիներին:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Վեպում մինչև ամենափոքր դետալները նկարագրված է այն, ինչ տեղի է ունեցել։  Երբ ես առաջին անգամ սկսեցի մտորել այս նախագծի մասին, ես արդեն գիտեի, որ իմ խնդիրներից մեկը լինելու է հետազոտություն կատարելը` հասկանալու համար, թե ինչն է մտացածին, գեղարվեստական, և ինչը կարող ավելի մոտ լինել իրականությանն այս վեպում: Ես փնտրում էի և կարդում աղբյուրներ Զեյթունում, Մարաշում, Յողոնոլուքում և «Մուսա լեռ»-ում հիշատակված շատ այլ վայրերի իրադարձությունների մասին: Իհարկե, ընտրությունն ինչ-որ չափով սահմանափակ էր, քանի որ կարող էին օգտագործվել միայն հեղինակին հայտնի աղբյուրները: Եվ ի՞նչ ես հայտնաբերեցի: Վերֆելը, ով մանրակրկտորեն և երկար ժամանակ ուսումնասիրել էր Օսմանյան կայսրությունում հայերի մասին և հատկապես Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առկա ողջ հասանելի գրականությունն ու աղբյուրները, որը սկսվել, բայց ոչ մի պարագայում չէր ավարտվել 1915թ․, իր վեպի տեքստում ներառել է  երկար մերջբերումներ ականատեսների վկայություններից, նամակներից և այլ փաստաթղթերից: Երբեմն դրանք բավականին էական մասնիկներ են՝ ջանասիրորեն վերարտադրված և նվազագույն փոփոխություններով: Դա զարմանալի հայտնագործություն էր, որը նաև օգնեց հասկանալ որոշ այլ բաներ նույնպես:

Օրինակ, ես կարող եմ անվերապահորեն ասել, որ «Մուսա լեռ»-ն այն պատմավեպերից մեկն է, որը կարելի է գրեթե կատարյալ համարել: Հեղինակի երևակայությունը և իրադարձությունների հայտնի պատմությունները իդեալականորեն հավասարակշռված են: Այնքան իդեալական է, որ երբեմն նույնիսկ զարմանալի բաներ կարող են պատահել: Մի անգամ իմ ձեռքն ընկավ ամերիկացի պաշտոնաթող սպայի՝ ռազմական պատմաբանի գրած մի հոդված, որին, հաստատ, չէր կարելի մեղադրել հայամետության մեջ: Այսպես, այդ հոդվածում նա եկել էր այն եզրահանգմանը, որ Մուսա լեռան շուրջ տեղի ունեցած մարտերն ու փոխհրաձգությունները, որոնք նկարագրված են Վերֆելի վեպում, բավական ճշտությամբ համապատասխանում են պաշտոնական գրություններին, որոնք գրվել են… դրանց մեջ իրականում ներգրավված օսմանյան զինվորականների կողմից։

Իլվա Սկուլտե. Կոնկրետ այս թեման հայ գրականության մեջ ժողովրդականություն վայելո՞ւմ է․ նկատի ունեմ՝ Հայոց ցեղասպանությունը և Մուսա լեռան շուրջը ծավալված իրադարձությունները: Վերջին շրջանում հրատարակված հետաքրքիր գրական ստեղծագործություններ կա՞ն: Կան մեկնաբանության տարբերություններ նրանից, ինչ Վերֆելը գրել է ավելի քան 80 տարի առաջ՝ մինչև Երկրորդ աշխարհամարտը։

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Այո, իհարկե: Գրականության մի հսկայական հատված կա 1915թ․ Ցեղասպանության մասին: Հայերի համար Ցեղասպանությունն այնպիսի չափերի պատմական վնասվածք է, որը ոչ ոք չի կարող անգամ պատկերացնել: Ավելի քան մեկ միլիոն մարդ է սպանվել և ոչնչացվել, ավելին՝ հայերը կորցրել են իրենց պատմական հայրենիքի մեծ մասը, որտեղ ապրել էին հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ: Ողջ մնացածներից շատերը աքսորի ենթարկվեցին և այժմ աշխարհի գրեթե ցանկացած երկրում կա հայկական սփյուռք, և այդ մարդկանցից շատերը ձեզ կպատմեն, որ իրենց նախնիները 1915թ․ հետո աքսորի են ենթարկվել: Գրականությունը, այսինքն` գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականության բազմաթիվ ժանրեր, փորձում են անդրադառնալ այս ողբերգությանը, բայց դա ամեևին էլ հեշտ չէ: Հայ գրականության մեջ այս թեման համեմատաբար վերջերս է սկսել հայտնվել. մարդկանց պետք էր ժամանակ, որպեսզի կարողանային խոսել կատարվածի մասին․ կամ իրենց նախնիների հետ տեղի ունեցածի մասին: Այժմ կան մի շարք գրական ստեղծագործություններ, որոնք շոշափում են Հայոց ցեղասպանության թեման, և դրանց մեծ մասը գրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին: Որոշները լավն են կամ շատ լավը, իսկ որոշները, թերևս, այնքան էլ հիանալի չեն: Հետաքրքիր է նշել, որ վերջերս այս թեման հայտնվել է նաև թուրքական և քրդական գրականությունում: Հայալեզու աշխատանքները վերլուծել է Ռուբինա Փիրումեանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), ով հիանալի մենագրություն է գրել այս թեմայի վերաբերյալ: Կան նաև հոդվածներ, որոնք գրված են այլ լեզուներով գրված գրական ստեղծագործությունների մասին:

Բայց նույնիսկ այս համատեքստում է Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը բացառիկ։ Նախևառաջ, սա առաջին ծավալուն վեպն էր, որ կենտրոնացավ բացառապես Հայոց ցեղասպանության վրա։ Երկրորդ, վեպը գրել է ոչ թե ազգությամբ հայը, այլ՝ հրեական ծագմամբ ավստրիացի գրող, ով կարողացել է զգալ ոչ իր սեփական ազգի ցավը։ Եվ երրորդ, վեպն իրոք բացառիկ է, որովհետև այն մեծապես կենտրոնացած է ոչ թե զոհերի ողբերգության, այլ՝ զինված դիմադրության դրվագի վրա։ Նման դրվագները շատ անսովոր էին 1915 թվականին, այդ իսկ պատճառով Վերֆելի՝ թեմայի ընտրությունը նույնիսկ ավելի շատ է դրվատանքի արժանի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: