• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Բալթյան երեք հանրապետությունների առաջատար լրատվամիջոցներում

21 հուլիսի, 2020
ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Բալթյան երեք հանրապետությունների առաջատար լրատվամիջոցներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազեծած ագրեսիայի մասին հանդես է եկել խմբագրական հոդվածով, որը այսօր միաժամանակ հրապարակվել է երեք երկրների խոշորագույն պարբերականներում։

Դեսպան Մկրտչյանի հոդվածը Լիտվայում հրապարակվել է երկրի ամենախոշոր տպագիր օրաթերթում՝ “Lietuvos rytas”-ում (Լիտվայի առավոտ), ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ համանուն կայքում, Լատվիայում՝ ամենամեծ լսարաններից մեկն ունեցող “Neatkarīgā” (Անկախություն) օրաթերթի շապիկին և էլեկտրոնային nra.lv  էջում, իսկ Էստոնիայում՝ կրկին ամենամեծ լսարանն ունեցող “Eesti Päevaleht” (Էստոնական օրաթերթ) օրաթերթի տպագիր համարում և epl.delfi.ee էլեկտրոնային էջում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը։

Հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնումը պարտադիր է

Հուլիսի 12-ին ադրբեջանական սահմանապահ ուժերը սկսեցին սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Հարձակման ենթարկվեց քաղաքացիական բնակչությունը, գազատար խողովակներ, գործարաններ, այդ թվում  կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող արտադրամասը։

Ամեն ոք, ով երբևէ մեքենայով հատել է հայ-վրացական սահմանը, գիտի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակը ծայրահեղ անկանխատեսելի է։ Ադրբեջանական բանակը հաճախ  հրետակոծում է մոտակա տարածքները՝ լարվածության մեջ պահելով բնակչությանը: Ճանապարհորդները նույնիսկ կարող են խնդրել շեղվել իրենց երթուղուց, որպեսզի չվտանգեն իրենց: Չնայած այս ամենին, մենք պետք է ընդունենք, որ վերջին մի քանի օրերի տեղի ունեցածը բոլորովին այլ պատմություն են: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտման ակնհայտ նշան է:

Ավելին, ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, որին հայկական կողմը ստիպված էր արձագանքել, մենք կարդում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության խելացնոր սպառնալիքը Հայաստանի Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորության մասին: Սպառնալիքն, ընդհանրապես, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում էր: Նման գործողությունները պետական ահաբեկչության և ցեղասպանական մտադրությունների բացահայտ դրսևորում են:

Կան միջազգային հանրության և կազմակերպությունների անդամներ, որոնք անկախ փաստահավաք աղբյուրների բացակայության պայմաններում ձեռնպահ են մնացել նշելու, թե ով է ագրեսորը, և ով է զոհը: Նման դիրքորոշումը, որը գուցե նման է ագրեսորին մեղմելուն, կարող  է  բացատրվել նրանով, որ տեղերում չկան հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ: Եվ ահա մենք ժամանում ենք ամբողջ իրավիճակի ամենամեծ հարցական նշանին: Ինչու՞ հայ-ադրբեջանական սահմաններին չկան նման միջոցներ:

Արդարացի չէր լինի մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան)՝ միջազգային մանդատ ունեցող միակ կազմակերպությունը, որը միջնորդում է այն կողմերի միջև`  ձգտելով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: 

Այստեղ մի փոքր շեղվելով` պետք է շեշտեմ, որ 1990-ական թվականներին Ադրբեջանը, չնայած պայքարում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, որն իրեն էր բռնակցվել 1921թ. Ստալինի ավտորիտար որոշմամբ, ի վերջո  տոտալ պատերազմ սանձազերծեց և շրջափակեց Հայաստանը։ Հայաստանի տարածքը գնդակոծվում էր բոլոր հնարավոր անկյուններից, որը սահմանակից էր Ադրբեջանի հետ:

Հայաստանը բազմիցս հայտարարել է և շարունակում է պնդել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կան հստակ առաջարկներ, ներառյալ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և մշտական տեղակայումը, ուղիղ կապ և հրադադարի ենթադրյալ խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ներդրում: Դրանց իրականացումը կօգնի խուսափել հետագա սրացումների կրկնություններից: (https://www.osce.org/mg/185746)

Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժել է այդ վերահսկման մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է ինչպես քաղաքացիական զոհերի ավելացմանը, այնպես էլ հայկական կողմերին անհիմն մեղադրանքների հնչեցմանը։ Կցանկանայի շեշտել, որ ստեղծված իրավիճակում հրամայական են ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմի անվերապահորեն և լիովին վերականգնումը, պահպանումը և ամրապնդումը։

Մարտի վերջին կորոնավիրուսի բռնկումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց «աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ համաշխարհային զինադադար հաստատել»՝ հավելելով, որ «ժամանակն է զինված բախումը պահել փակի տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»: Ժամեր անց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս գաղափարը: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, որոշեց անտեսել այս կոչը:

Ավելին, տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ վերահաստատել են, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստումը և պատերազմական հռետորաբանությունից զերծ մնալը խիստ անհրաժեշտություն է: Սա չափազանց կարևոր կետ է, որը չպետք է անտեսվի խաղաղության ձգտող որևէ մեկի կողմից: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո որդեգրել է այն համարձակ դիրքորոշումը, որ ցանկացած հակամարտության լուծում պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա և ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Այս գաղափարն այդպես էլ չհասկացվեց Ադրբեջանի կողմից: Ավելին, անընդհատ սպառնալիքներ են եղել, հաճախ այդ երկրի առաջնորդի կողմից, որը հավակնում է Հայաստանի մայրաքաղաքին և հին քաղաքակրթության այս բնօրրանին որպես «Ադրբեջանի պատմական հողեր» և պահանջում է, որ «ադրբեջանցիները պետք է վերադառնան այս պատմական հողեր»:

Թունավորված հասարակական կարծիքի վտանգավոր զարգացումը կարելի էր զգալ Տավուշի մարզում հայերի և ադրբեջանցիների միջև վերջերս տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո: Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքը, որտեղ կարելի էր լսել հայատյաց, ազգայնական վանկարկումներ, կարճ ժամանակում վերափոխվեց հակակառավարական կոչերի, որի պատճառով այն անմիջապես ցրվեց Ադրբեջանի ոստիկանության կողմից: Ակնհայտ է, որ խոսքի ազատությունն Ադրբեջանում ընդունելի է միայն այն դեպքում, երբ այն ներառում է հայերի նկատմամբ ատելության արտահայտություններ։

Մինչ միջազգային կազմակերպությունների և երկրների մեծամասնությունը դիմում են երկու կողմերին՝ զերծ մնալ ցանկացած սրացումից և վերադառնալ բանակցությունների սեղան, ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում` անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և Հայաստանի դեմ հետագա գործողություններ հրահրելով: 

Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ Թուրքիայի ղեկավարությունը զգում է, որ 1915թ. երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը «ամբողջությամբ չի իրականացվել» և որ Հայաստանի Հանրապետությունը պետք է զիջի թուրքերի և նրանց էթնիկ եղբայրների բոլոր ցանկություններին ու քմահաճույքներին` նույնիսկ մեր ամբողջական ոչնչացման գնով:

Հատկանշական է, որ անգամ 21-րդ դարում Թուրքիան ընտրում է մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցել Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության ավանդույթների հիման վրա: Թուրքիայի սադրիչ և կողմնակալ դիրքորոշումը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և ապացուցում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել հակամարտության հետ կապված որևէ միջազգային գործընթացի մեջ և, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի շրջանակներում: Իր մոտեցումներով` Թուրքիան Հայաստանի համար էքզիստենցիալ անվտանգության սպառնալիք է և պետք է հնարավորինս արագ վերանայի այդ վտանգավոր պահվածքը:

Ամփոփելով՝ ես կցանկանայի նշել, որ երբեք ուշ չէ ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, և երբեք ուշ չէ ընդունել և պահպանել հրադադարը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում և դրանից հետո: Ցանկացած հակամարտության լուծման համար պետք է ներգրավված լինեն բոլոր առաջնորդների քաղաքական կամքը և միջազգային դերակատարների կառուցողական աջակցությունը: Պատմությունն այս աքսիոմի ականատեսն է:

Տիգրան Մկրտչյան

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: