• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը գերմանական operalounge.de հանդեսին

01 հոկտեմբերի, 2020

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը վոկալ և օպերային երգացանկի ոլորտում առաջատար գերմանական օperalounge.de առցանց ամսագրին Կոմիտաս վարդապետի Սուրբ Պատարագի համերգային տարբերակի ձայնասկավառակի թողարկման վերաբերյալ:

Հարց. Պարո՛ն Մկրտչյան, Կոմիտասի երաժշտությունը վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի հայտնի ու սիրված է դարձել և ձեռք բերել միջազգային մեծ հեղինակություն: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է այս երաժշտությունը հենց հիմա վերստին հայտնագործվում: Դա «միայն» կապ ունի կոմպոզիտորի 150-ամյակի՞ հետ, որի հոբելյանը նշվեց 2019-ին, թե՞ դա պարզապես հենց ինքը երաժշտությունն է:

Դեսպան Մկրտչյան. Կոմիտասի երաժշտությունը միջազգային մեծ ճանաչում ունի շատ վաղուց: Ես կցանկանայի նշել, որ յուրաքանչյուր ոք, ով երբևէ այցելել է Հայաստան, չի կարող չնկատել Կոմիտասին: Նա արժանիորեն ներկա է ամենուր. Պետական կոնսերվատորիան կոչվում է նրա անունով, ինչպես շատ համերգասրահներ, դպրոցներ, փողոցներ, լավագույն քառյակներից մեկը`Կոմիտասի անվան պետական լարային քառյակը։ Նրա կիսանդրիներն ու արձաններն ամենուր են՝ Երեւանից մինչև Փարիզ, Սանկտ Պետերբուրգից մինչև Մոնրեալ: Երևանի ամենակարևոր թանգարաններից մեկը` Կոմիտասի գերժամանակակից և չափազանց տպավորիչ թանգարան-ինստիտուտը, որը ներկայացնում է նրա կյանքն ու ստեղծագործությունը, պարտադիր այցելության վայր է հայկական երաժշտության և մշակույթի սիրահարների համար:

Այնուամենայնիվ, այստեղ պետք է մի փոքր ավելի զգույշ լինել: Մի բան է հիշել Կոմիտասի անմոռանալի դեմքը, և լրիվ այլ բան` խորանալ նրա երաժշտության մեջ: Ես չեմ կարող բառերով արտահայտել, թե որքանով է դա կարևոր: Երբ նրա երաժշտությունը կլանում է ձեզ, դուք գիտակցում եք, որ այն հավերժ է, աստվածային է, և միևնույն ժամանակ, այն մեր մասին է: Կոմիտասի երաժշտությունը միանշանակ պետք է ավելի լավ ճանաչվի: Դրա ավելի լայն ճանաչման և շրջանառման խոչընդոտներից մեկը, որոշ բացառություններով հանդերձ, նրա երգերի տեքստերն են, որոնք հայերեն են: Դա մարտահրավեր է միջազգային կատարողների համար, չնայած հայ անվանի երգչախմբեր, ինչպիսիք են՝ Պետական ակադեմիական երգչախումբը, «Հովեր» կամերային երգչախումբը և այլոք, լայնորեն մասսայականացրել են Կոմիտասի երաժշտությունն աշխարհում: Երաժշտական գործիքային կատարումները լեզվի հետ կապված այս խնդիրը չունեն: Վերջին ժամանակներում լավագույն ջութակահարներից օրինակ Սերգեյ Խաչատրյանը և Մաքսիմ Վենգերովը կամ դաշնակահարներ Գրիգորի Սոկոլովը և Եվգենի Կիսինը կատարել են Կոմիտաս:

Ավելի լայն ճանաչում Կոմիտասը ձեռք է բերում նաև միջազգային ձայնասկավառակ թողարկող ընկերությունների շնորհիվ, որոնք ձայնագրում են նրա ստեղծագործությունները: Օրինակ, DELOS ընկերության կողմից Լատվիայի Ռադիոյի երգչախմբի կատարմամբ Կոմիտասի Սուրբ պատարագի ձայնագրության թողարկումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում Հայաստանի դեսպանությունը, աշխարհին կրկին ստիպեց խոսել Կոմիտասի և նրա երաժշտության մասին:  Պետք է շեշտեմ նաև գերմանական ECM լեյբլը, որը ձայնագրել և թողարկել է Կոմիտասի երաժշտությունը, հատկապես Լուսինե Գրիգորյանի, Գյուրջիևի համույթի, և մեկ այլ, ստանդարտից փոքր-ինչ տարբերվող, Քիմ Քաշքաշյանի և Տիգրան Մանսուրյանի մեկնաբանությամբ: Պետք է նշեմ նաև հայ օպերային դիվա Հասմիկ Պապյանի ջանքերը Կոմիտասի և մասնավորապես նրա գերմանական երգերի հանրահռչակման գործում, որոնք ձայնագրվել են գերմանական Audite լեյբլի կողմից, ինչպես նաև Իզաբել Բայրաքդարյանի՝ Գրեմմիի ներկայացված «Կոմիտասյան երգերը», որը ձայնագրվել է Nonesuch լեյբլի կողմից:

Հարց. Կոմիտասը, ինձ թվում է, համարյա թե եղել է այնպիսի կոմպոզիտորների վաղ «երաժշտական բարեկամը», ինչպիսին է Արվո Պյարտը․ կոմպոզիտորներ, ովքեր մի կողմից հարգել են սուրբ երաժշտության խիստ կանոնները, պատարագը, բայց այս սահմաններում գտել նոր, քվազի-ինքնամփոփ հոգևորություն: Կարո՞ղ ենք այդպես ասել:

Դեսպան Մկրտչյան. Այո, իհարկե: Պետք է նկատի ունենալ, որ Կոմիտասը շատ մանրակրկիտ աստվածաբանական-հոգևոր կրթություն է ունեցել: Նա վարդապետ էր և նրա գիտելիքները հոգևոր երաժշտության մասին հիմնարար էին: Կարելի է ասել, որ հոգևոր երաժշտությունը նրա երաժշտական բառաճանաչման մի մասն է:

Հարց. Կոմիտասը բացի իր սրբազան ստեղծագործությունների կոմպոզիտոր լինելուց, նաև իր դարաշրջանի կարևոր կոմպոզիտոր է, օրինակ՝ իր դաշնամուրային երաժշտության մեջ, որը շատ անկախ է: Ի՞նչ դեր է խաղում Կոմիտասը հայկական երաժշտության մեջ: Արդյո՞ք նա արվեստի երաժշտության «մեծ պայթյունն» էր ձեր երկրի համար, ինչպես հաճախ կարող եք կարդալ:

Դեսպան Մկրտչյան. Կոմիտասը հայկական ազգային երաժշտական ​​դպրոցի հիմնադիրն է: Եթե ​​մենք փորձենք խոսել այն մասին, թե ինչի է նա հասել այս առումով, ապա շատ երկար զրույց կունենանք: Ես կփորձեմ լինել կարճ: Կոմիտասը ոչ միայն փրկել է հայկական երաժշտությունը (Օսմանյան Թուրքիայում հայերի և նրանց մշակույթի բազմիցս ոչնչացման և ցեղասպանության ժամանակաշրջանում), այլև ուժեղացրել և նոր որակ է հաղորդել դրան: Նա հասկացել էր ազգային երաժշտությունը ներկայացնելու նոր մոտեցում գտնելու անհրաժեշտությունը։

Կոմիտասը կենսական դեր է խաղացել խազերի՝ հայկական միջնադարյան երաժշտական նշանների վերծանման գործում: Նա հրաշալի գիտնական էր: Գոյություն ունեն հին ժողովուրդներ, որոնք ունեն ազգային երաժշտություն, բայց առանց Կոմիտասի նման մեկի, ով գտավ այս երաժշտական հարստությունները ներկայացնելու ճիշտ մեթոդը, կարող են գործնականում անհայտ լինել ավելի լայն աշխարհին: Հայերի բախտը բերել է, քանի որ այսօր և ընդմիշտ Կոմիտասի երաժշտությունը կարող է կատարվել դասական երաժշտության մեծ ստեղծագործությունների կողքին: Եվ, այդուհանդերձ, նրա երաժշտությունը միշտ գրավիչ է, քանի որ այն չի կրկնօրինակում մեկ ուրիշին, այն բավականին յուրօրինակ է:

Հարց. Կոմիտասն իրականում ունե՞ր ուսանողներ կամ ոգեշնչված կոմպոզիտորներ, ովքեր հետևել են նրա ոճին:

Դեսպան Մկրտչյան․ Կարծում եմ՝ Կոմիտասից հետո չկա հայ կոմպոզիտոր, որը պարզապես շրջանցել կամ անտեսեր նրան: Բայց պնդելը, որ իր ոճին հետևում են, կարող է չափազանցություն լինել: Այնուամենայնիվ, ես կցանկանայի նշել Հայաստանում շատ հայտնի անուններ՝ Ռոբերտ Աթայան, Նիկողայոս Թավրիզյան, Արթուր Շահնազարյան և այլն: Իհարկե, անունների ցուցակը, որոնք էական ներդրում ունեցան կոմիտասագիտության զարգացման մեջ, կարող է շարունակվել:

Կցանկանայի նշել նաև ամերիկահայ մեծ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսին, ով նույնիսկ մի անգամ ձայնագրել է Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները: Հավատում եմ, որ նրա երաժշտության մի մասը, ներառյալ որոշակի սիմֆոնիաները, խիստ ոգեշնչված են Կոմիտասից: Նույնը կարելի է ասել ժամանակակից հայ կոմպոզիտոր, իմ սիրելի բարեկամ Տիգրան Մանսուրյանի մասին: Կարծում եմ՝ երկուսն էլ հետևողականորեն Կոմիտասին ընդունել են որպես ուղեցույց և բանալի դեպի ապագա:

Հարց. Արդյո՞ք այսօր էլ Կոմիտասի երաժշտությունը կանոնավոր կերպով պատարագվում է Հայաստանում, թե՞ ավելի շատ նման է Բեթհովենի «Missa Solemnis»-ին կամ Մոցարտի «Requiem»-ին, որ այս երաժշտությունը, առաջին հերթին որպես ինքնուրույն ստեղծագործություններ, սեփական կյանքն ունի իր նախկին պատարագային օգտագործման ոլորտի սահմաններից դուրս։                                      

Դեսպան Մկրտչյան։ Միանշանակ: Այն կատարվում է ինչպես եկեղեցիներում, այնպես էլ՝ բեմերում: Նրա Պատարագի որոշ հատվածներ, ինչպես նաև ամբողջական Պատարագը կատարվում են աշխարհի տարբեր բեմերում: Չնայած Կոմիտասը ստեղծել է իր Պատարագի ավելի քան 10 տարբերակ, սակայն դրանցից երկուն են լայնորեն ընդունելի: Մեկն ավելի երկար, եկեղեցական տարբերակն է՝ ամբողջական ծեսերով և մասնակիցների տեքստերով, որը տևում է գրեթե երկու ժամ: Այդ տարբերակը ժամանակ առ ժամանակ կատարվում է եկեղեցիներում: Մյուսը՝ 70-80 րոպե տևողությամբ համերգային տարբերակն է (կախված է այն բանից, թե դրանցից ինչքան է կրճատվում քահանայի և սարկավագի մասերը): Պատարագի այս համերգային տարբերակը կատարվում է համերգասրահներում, ինչպես նաև լավ ակուստիկայով եկեղեցիներում:

Հարց. Կոմիտասը դեռ շա՞տ ստեղծագործություններ ունի, որոնք դեռ չեն կատարվել կամ ձայնագրվել: Կամ այլ կերպ ասած՝ կլինե՞ն գալիք նախագծեր:

Դեսպան Մկրտչյան. Այժմ կատարվում է Կոմիտասի երաժշտության միայն մի մասը: Ես չէի ցանկանա նշել նրա երգերի կամ ստեղծագործությունների որևէ թվաքանակ, բայց նրա ժառանգության վերաբերյալ գիտնականների տարատեսակ կարծիքներ կան: Ոմանք պնդում են, որ նրա ստեղծագործությունների մեծ մասը ոչնչացել է և չի հասել մեզ: Բայց փաստ է, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու: Նրա մի քանի ստեղծագործություններ նույնիսկ չեն կատարվել, և հուսով եմ, որ նրանք կունենան նոր բեմական կյանքեր:

Կարող եմ ասել, որ մեր նախաձեռնությունն առանձնահատուկ էր․ Պատարագի՝ խառը երգչախմբի համար փոխակերպումը (ինչպես նաև ոչ հայկական երգչախմբի կողմից առաջին անգամ կատարելը և այնուհետև ամբողջական համերգային տարբերակի ձայնագրությունը) համարձակ էր, և հուսով եմ, որ մենք չշեղվեցինք Կոմիտասի ոգուց: Չմոռանանք, որ հենց ինքն էր փոխակերպել պատարագի որոշ հատվածներ խառը երգչախմբի համար: Եվ ոչ ոք չի կարող պնդել, որ եթե նա շարունակեր ստեղծագործել 1915 թվականից հետո, ապա հնարավոր է նա ամբողջ Պատարագը կփոխակերպեր խառը երգչախմբի կատարման համար:

Որպես դեսպանություն մենք ունենք ևս մեկ կոմիտասյան նախագիծ: Մենք Կոմիտասի լավագույն կատարողներից մեկին՝ Հայաստանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, դիրիժոր և «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանին այդ երգչախմբի մեներգիչների հետ միասին հրավիրել ենք Էստոնիա, որոնք աշխարհի լավագույն տղամարդկանց երգչախմբերից մեկի՝ Էստոնիայի ազգային արական երգչախմբի հետ միասին կատարելու են Կոմիտասի Սուրբ Պատարագի ամբողջական համերգային տարբերակը: Այդ միջոցառումը նախատեսված է 2021 թ. ապրիլին Տալլինում: Հուսով եմ, որ COVID-ը չի խանգարի մեզ ավարտին հասցնել Եվրոպայում Կոմիտասի մեկ այլ նշանակալի նախագիծ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: